Файл: Առաջավոր Ասիայի հնագույն մեկուսի էթնիկ հանրությունները.docx

ВУЗ: Ереванский государственный университет

Категория: Не указан

Дисциплина: Этнография

Добавлен: 16.02.2019

Просмотров: 1082

Скачиваний: 9

ВНИМАНИЕ! Если данный файл нарушает Ваши авторские права, то обязательно сообщите нам.

Առաջավոր Ասիայի հնագույն մեկուսի էթնիկ հանրությունները

Գաբրիելյան Ռաֆիկ

Առաջավոր Ասիայի հնագույն բնակչությունը բազմեթնիկ էր, հիմնականում առկա էին հնդեվրոպական, սեմական և անհայտ(չդասակարգված) ծագման էթնիկ հանրություններ, սակայն առկա են նաև այնպիսի հանրություններ որոնք մեկուսի են: Այս համատեքստում ունենք մեկ մեկուսի ընտանիք երկու անդամից բաղկացած, դա խուռի-ուրարտականն է և չորս առանձին էթնիկ խմբեր` շումերներ, շուբարացիներ, էլամցիներ և խաթթեր: Այս չորսից ամենաքիչ ուսումնասիրվածը շուբարացիներն են, նրանց դասակարգելու փորձերի մենք չենք հանդիպել: Երկար ժամանակն մասնագետները շուբարացիների նույնացրել են խուռիների հետ:

Մեկուսի կամ ծագումնաբանական առումով մեկուսի ենք համարում այն հանրությանը, որը չի պատկանում որևէ ընտանիքի: Այս դեպքում ինքն է ընտանիք: Սակայն, կարող է հեռավոր ցեղակցություն ունենալ ինչ, որ մի մակրոընտանիքի հետ, կամ դասակարգվել դրա մեջ: Այս դեպքում գործ ունենք վարկածների հետ: Իսկ ընտանիքի մեջ առկա կապերի բացահայտված լինելը կարելի է համարել փաստ:

Շումերներ (շումերերեն` sag-gig-ga, թարգ. «սևագլուխներ»)

Շումերները աշխարհի ամենահին կազմավորված ժողովուդն են1: Նրանք մոտ մ.թ.ա. 3400-1600 թվականներին ապրել են Հարավային Միջագետքում: Տիգրիսի և Եփրատի ստորին և միջին հոսանքների շրջանում: Շումերները ընդհանուր ինքնանվանում չեն ունացել: Ավելի հիմնական է եղել քաղաք-պետությունների դերը և ինքնության գիտակցումը այս միավորի շուրջ էլ համախմբել է էթնոսին2: Միջագետքի ողջ բնակչությունը անկախ լեզվային պատկանելիությունից կոչվել են նաև «սևագլուխներ» ինչպես շումերները:

Մեր կարծիքով հենց հավաքական էթնիկ ինքնագիտակցության բացակայությունն է պատճառ դարձել, որ այդքան զարգացած քաղաքակրթություն ունեցող էթնոսը ուրծացել է:

Շումերները համարվում են մեկուսի էթնոս, այսինքն չեն պատկանում ոչ մի ընտանիքի, իսկ մակրոընտանիքային մակարդակի կապերը շատ դժվար է բացահայտել: Ըստ Բոմհարդի շումերները ինչ, որ հեռավոր կապ ունեն նոստրատիկ ընդհանրության հետ3: Ամենասերտ կապը էլամո-դրավիդյան ճյուղի հետ է: Նմանություններ կան նաև հնդեվրոպական, և այլ ճյուղերի հետ: Կա վարկած նաև, որ շումերները պատկանում են սինո-կովկասյան մակրոընտանիքին4:

Ներկայումս ավելի շրջանառվող են շումերների ծագման հետևյալ վարկածները:

Վարկած կա, որ եկվորներ են Միջին Ասիայից, և Իրանի լեռներից, իրենք շումերները իրենց համարել են Պարսից ծոցի կղզիներից, և առափնյա շրջաններից եկածներ, որոնք հետո տարածվել են Հարավային Միջագետքում5:

Վարկած կա նաև, որ նրանք Հարավային Միջագետք եկել են Հյուսիսային Միջագետքից, և եղել են Հասսունյան հնագիտական մշակույթի(Ք.ա. 6.000-5.000, սակայն հասունացիների տեղաշարժը կատարվել է մատ 7.000 թվականին, իսկ Սամարրան թվագրվում է 5.500-4.800 թվականներով) կրողները6: Թեև հասունա-սամարրյան մշակույթը դիտարկվում է որպես մեկ ակունք ունեցող, որը տարածվել է Զագրոսյան լեռնաճյուղից բնակչության հոսքի հետևանքով7, սակայն երկու մշակույթների կապը ավելի շատ տարածքային է քան ծագումնաբանական8: Մշակույթները վերագրվում են այսպես կոչված նախաեփրատյան և նախատիգրիսյան լեզուն կրող բնակչությանը, որը միաժամանակ համարվում է ոչ շումերական կամ նախաշումերական:


Մեկ այլ` հնագիտական վարկածի համաձայն շումերները Ուբեյդյան մշակույթի կրողներն են9: Բայց եթե նրանք սկզբնական շրջանում չեն եղել ուբեյդի կրողները, ապա ավելի ուշ դարձել են, ամենայն հավանականությամբ ազդվելով սուբարիներից եթե իհարկե ընդունենք, որ սուբարիներն են տարածել ուբեյդյան մշակույթը: Այս մշակույթը ամենայն հավանականությամբ զարգացել է Հարավային Իրանից10: Ուբեյդցիներից ազդվելու համատեքստում պիտի, որ շումերները ավելի ուշ եկած լինեն, մոտ 4-րդ հազարամյակի կեսերին կամ Բահրեյնից կամ մի լեռնային շրջանից, ու դժվար է նրանց այլ մշակույթ վերագրել11:

Հետաքրքիր տվյալներ կան շումերների ծագման լեռնային վարկածի մասին: Շումերերեն երկիր և լեռ բառերը գրվում են նույն ձևով12: Լեռնային վարկածի օգտին է խոսում նաև տաճարների(զիկկուրատ) շինարարությունը, որոնք լեռ են հիշեցնում13:

Մարդաբանական տվյալների համաձայն շումերները պատկանում են եվրոպեոիդ մեծ ռասայի միջերկրածովյան խմբին,14 սակայն, այս տիպը նրանք կարող էին ձեռք բերել ժամանակի ընթացքում վերցնելով տեղացիներից15: Ուշագրավ է այն, որ մինչև շումերների հայտնվելը Միջագետքը ունեցել է բավականին հետքեր թողած բնակչություն16, որոնց էթնիկ պատկանելիությունը անհայտ է, թերևս ամենանկատելի հետքերը թողել են սուբարիները17:

Շումերների լեզուն կցական, էրգատիվ լեզու է, նմանություններ ունի բազմաթիվ ժամանակակից լեզուների հետ, սակայն ծագումնաբանական առումով այն մեկուսի է18: Վերևում մենք արդեն ներկայացրել ենք շումերերենի մակրոընտանիքային մակարդակում հավանական կապերի վարկածների մասին:

Առաջին գրավոր հուշարձանները հայտնվում են 4-րդ հազարամյակի վերջին քառորդում: Դրանք գաղափարագրեր են կամ պատկերագրերը: Շումերերենը վերջնականապես մոռացվել է Ք.ա. 2-1-ին դարերում:19 Տեքստերը ըստ ժամանակագրական տվյալների բաժանվում են հետևյալ շրջանների:

  1. Գաղափարագրերի կամ պատկերագրերի փուլ: Ք.ա. 3200-3100: Հայտնվում են առաջին գրի դրսևորումները:

  2. Ուրուկի 4-րդ հնագիտական շերտ կամ Ջեմդեթ-Նասր – Ուրուկ 2-րդ շերտ: Ք.ա. 3100/3000-2900/2800: Զարգանում է շումերական սեպագիրը: Ուղղվում են պատկերագրերի գծիկները, իսկ հատման կետերի տեղերում դրվում են սեպիկներ20:

  3. Արխաիկ փուլ: Ք.ա. 2900/2800-2500 թվականներ: Հիմնական սեպագիր տեքստերը գտնվել են Ուրում:

  4. Հինշումերական: Ք.ա. 2500-2300: Տեքստերը առկա են Լագաշում, Ուրում, Ուրուկում, Նիպպուրում:

  5. Անցումային: Ք.ա. 2300-2200: Սկսվում է տարածվել աքքադական լեզուն:

  6. Նորշումերական: Ք.ա. 2200-2000: Զարգանում է շումերական լեզուն: Առկա է Լագաշի և Ուրի 3-րդ դինաստիայի տեքստերը:

  7. Ուշշումերական: Ք.ա. 2000-1700/1600: Սա կենդանի` խոսակցական լեզու լինելու վերջին փուլն է:

  8. Ետշումերական շրջան: Ք.ա. 1600-200/100: Օգտագործվել է հիմնականում աքքադացիների կողմից` աքքադերենի կողքին:

Ք.ա. 5-4-րդ հազարամյակները Միջագետքում համարվում է Ուբեյդյան շրջան, որի արդյունքում սկսվում են ձևավորվել առաջին նախաքաղաքատիպ բնակավայրերը, օրինակ` Էրեդուն: Զարգանում է տեխնոլոգիան, արհեստական ոռոգումը: Այս փուլում լրիվ հավանական է, որ շումերները եթե անգամ նախկինում չեն կրել Ուբեյդի մշակույթը ապա արդեն կրում էին: Ուբեյդը հարավից տարածվում է հյուսիս և հիմք է դառնում շումերական քաղաքակրթությանը:


Հաջորդը Ուրուքի շրջանն է Ք.ա. 3400-2900: Այս փուլում հայտնի է նաև Ջեմբեթ-Նասրը: Ուրուքը հսկա քաղաք էր 45 հեկտար տարածքով: Ուրուքում գտնվել է Զիկկուռատ, որը ունի 7 աստիճան: Ուրուկից գտնվել են կավից կնիքներ ինչը վկայում է սեփականության գոյության մասին: Խեցեղենը արդեն պատրաստվում էր դուրգի վրա, այն գունազարդ չէ: Զարգանում է արհեստագործությունը, նաև զինագործությունը, հայտնվում է կառքը: Հայտնվում է նաև գիրը:

Ք.ա. 28-24-րդ դարերը ընկած շրջանը կոչվում է Վաղդինաստիական: Ք.ա. 3-րդ հազարամյակում գոյություն ունեին առաջին հնագույն շումերական քաղաքը-պետությունները Էրեդուն, Ուրը, Ուրուկը, Լագաշը, Նիպպուրը, Կիշը, Ումման21: Տարածվում է բրոնզը և զարգանում զինագործությունը: Կառքերին հիմնականում ավանակներ էին լծում: Առկա են ճոխ թաղումներ: Զարգանում է տնտեսությունը:

Ք.ա. 24-22-րդ դարերում Շումերը ենթարկվում է Աքքադին: Քուտիների արշավանքից հետո զարգանում է Ուրի 3-րդ դինաստիան կոչվող շրջանը, Ք.ա. 2200-2000: Սա շումերական վերածնունդն է և վերջին շումերական փուլը, որից հետո շումերները կամաց-կամաց ձուլվում են: Սա տիպիկ ստրկատիրական պետություն էր: Զարգանում է առևտուրը: Ուրի անկման պատճառը ամորիների է էլամցիների արշավանքն է22:

Շումերները պաշտել են բազմաթիվ աստվածությունների: Նրանց պատկերացմամբ գոյություն է ունեցել վերին և ներքին աշխարհներ, որոնց միջև գտնվում է երկիրը: Առասպելների մեջ առկա է համաշխարհային ջրհեղեղի պատմությունը:

Շումերների մարդաբանական տիպի մասին տեղեկություններ ենք ստանում ոչ միայն գանգաբանական հետազոտություններից այլ նաև իրենց` շումերների թողած նկարներից: Հարավային միջագետքում տարածված է եղել հիմնականում 2 մարդաբանական տիպ: Դրանցից մեկը արմենոիդն է, մյուսը, որի կրողները ամենայն հավանականությամբ հենց շումերներն են ունեցել է հետևյալ բնութագիրը, բրախիկեֆալ գանգ, կլոր դեմք, ուղիղ քիթ, ալիքաձև մազեր23:

Շուբարացիներ (սուբարիներ)

Շուբարացիները համարվում են հայաֆյան մշակույթի կրողները: Կա վարկած նաև համաձայն որի նրանք եկել են Զագրոսյան լեռնաթևի շրջանից Ք.ա. 6-րդ հազարամյակում և ստեղծել են ուբեյդյան մշակույթը:24Որոշ հնագետները ներկայացնում են, որ ուբեյդյան մշակույթը չի պատկանում շումերներին, այստեղ հնագետները երկու մասի են բաժանվում25:

Եթե ընդունենք, որ սուբարիները կրել են հալաֆյան մշակույթը ապա գործը հեշտանում է: Հնագիտական տվյալները ցույց են տալիս, որ Հալաֆյան մշակույթը տարածվել է կամ Հայկական լեռնաշխարհի հարավից կամ Միջագետքի հարավից: Նմանություններ են առկա նաև Չաթալ-հյույուքի մշակույթի հետ, որը նույնպես կարող է ծագումնաբանական լինել26:

Դժվար է պատկերացնել, որ սուբարիները կրել են համ հալաֆյան համ ուբեյդյան մշակույթները: Ուբեյդյան մշակույթի տարածման շրջանում հալաֆյան բնակավայրերում առկա են բնակչության զանգվածային սպանության հետքեր, կառուցումը կիսատ թողած շենքեր27 ինչը վկայում է, որ հալաֆի և ուբեյդի կրողները տարբեր հանրություններ են եղել:

Շուբարացիների մասին առաջին հիշատակությունը առկա է շումերական Էրեդու քաղաքում28: Հետքեր առկա են նաև այլ շումերական քաղաքներում, նաև Սիրիայում, Հյուսիսային Միջագետքում և Հայկական լեռնաշխարհում: Շուբարացիները լայն շփումների մեջ են եղել շումերների և խուռիների հետ: Մոտ 3-րդ հազարամյակից սկսած նրանք սկսում են ձուլվել խուռիներին և նրանց են փոխանցում իրենց մշակույթը: Երևում է, որ սուբարիները հարավից շարժվել են հյուսիս և տարածվել նաև հայկական լեռնաշխարհում, այդ ընթացքում էլ խուռիների մի մասը ընթացել է դեպի Հյուսիսային Միջագետք և Սիրիրա:


Եթե շուբարացիները կրել են հալաֆի մշակույթը ապա բացատրվում է նրանց հետքերը Միջագետքում, քանի, որ հալաֆը տարածվել է այդ տարածքներում մինչև ուբեյդը, ինչը վկայում է, որ սուբարիները կարող էին կրել հալաֆը և նրանց հետքերը Միջագետքում բացատրվում է դրանով, այլ ոչ, որ կրել են ուբեյդյան մշակույթը:

Մենք ավելի հավանական ենք համարում, որ սուբարիները կրել են հալաֆյան մշակույթը: Վերլուծելով պետք է նկատենք, որ երևում է սուբարա-շումերական փոխատեղումը: Փոխատեղման դաշտերից մեկը դա ուբեյդա-հարավ-լեռնայինն է մյուսը հյուսիս-լեռնայինը29, որը համապատասխանում է Արևելքին, բայց կարող է նաև համապատասխանել Հայկական լեռնաշխարհին և Հյուսիսային Կովկասին:

Մեր եզրակացությունը հետևյալն է, ուբեյդյան մշակույթը սկզբից էլ կրել են շումերները, որոնք եկել էին կամ ինչ, որ լեռնային շրջանից(Հարավային Իրան, Զագրոս, Կովկաս) կամ հարավից(Բահրեյն, Պարսից ծոցի հարավ-արևմուտք): Սուբարիները հալաֆյան(Ք.ա. 5.600-4.500) մշակույթի կրողներն են եղել որոնք ավելի կտրուկ են տեղաշարժ կատարել, ու տարածվել են նաև Հարավային Միջագետքում, այդ ընթացքում էլ ծածկել են հասունա-սամարրացիներին, բայց ամբողջությամբ չեն ձուլել իրենց մեջ: Սուբարիներից հետո ակտիվացել են շումեր-ուբեյդացիները և տարածվել Միջագետքում(Ք.ա. 5.000-3.600): Ավելի ուշ Ք.ա. 3-րդ հազարամյակի սկզբին պայքար է սկսվել շումերների և սուբարիների միջև: Սակայն հատուկ ցանկանում ենք նշել, որ վարկածայնությունը շատ է և հավանական է, որ ուբեյդցիները լրիվ տարբեր, և մեզ համար անհայտ հանրույթ են եղել: Այս համատեքստում կարող են ձևակերպվել մի քանի հակասական տարբերակներ:

Շուբարեցիների տարածման արեալը չի սահմանափակվում Հյուսիսային Միջագետքով: Շուբարացիները տարածված են եղել նաև Սիրիայում30, Հայկական լեռնաշխարհում և իհարկե Հարավային Միջագետքում: Նրանք հիշատակվում են մինչև Ուրարտուի շրջանը:

Սուբարիները կարողացել են պղինձ ձուլել: Տարբեր արձանագրություններից երևում է, որ նրանք ապստամբ և չենթարկվող են եղել հարևանների համար: Սա վկայում է նրանց լավ մարտիկներ լինելու մասին:

Սուբարտու պետությունը նույնական է Արատտա, Արմանի երկրների տարածքներին, որը ամենայն հավանականությամբ տեղադրվում է Տիգրիսի վերին հասանքի շրջանում: Կան վարկածներ, որ ավելի արևելք են տեղադրում Սուբարտուն: Մեր համոզմամբ սրա պատճառը այն է, որ սուբարիները զբաղեցրել են նաև այդ տարածքները, և Սուբարտուն կարող է ներառել Տիգրիսի վերին և միջին հասանքից արևելք ընկած տարածքները ևս: Ավելի մեծ տարածքով ընդգրկում է նաև Եփրատի ավազանը և տեղադրվում է Ամանոսից Զագրոս:

Էլամցիներ

Էլամ արմատը ունի սեմական ծագում, իրենք էլամցիները իրենց երկիրը կոչել են Hatamti` կամ Hal-tamti: Էլամցիները ապրել են Միջագետքի արևելյան մասում: Պարսից ծոցից հյուսիս, զբաղեցրել են Կերքա և Կարուն գետերի ավազանը: Հարավ-Արևելյան հատվածում նրանք տարածվել են մինչև Մանդ գետի ավազանը: Ներկայումս պարզ է, որ էլամցիները տարածվել են Հարավ-Արևելյան Իրանից: Վաղ շրջանում ավելի ընդարձակ տարածք են զբաղեցրել քան գրավոր հուշարձանների ստեղծման ժամանակ:


Ներկայումս ընդունված է, որ էլամերենը դրավիդերեն հիմք-լեզվի հետ միասին մասն է կազմել նոստրարիկ մակրոընտանիքի: Էլամո-դրավիդյան ճյուղը նոստրատիկ ընդհանրությունից տրոհվել է Ք.ա. 9000-8000 թվականներին: Էլամա-դրավիդյան խմբի նախահայրենիքը ըստ երևույթին գտնվել է Իրանի Հարավ-Արևելքում, Պակիստանում և Հյուսիս-Արևմտյան Հնդկաստանում: Հավանական է, որ էլամերենը վաղ շրջանում անջատվել է դրավիդյան ընտանիքից31: Իսկ Ա.Բոմհարդը էլամա-դրավիդական հիմք-լեզուն թվագրում է Ք.ա. 8.000-7.000թթ.32:


Էլամական գրավոր հուշարձանները ստեղծվել են մ.թ.ա. 4-րդ հազարամյակում մինչև 3-րդ հազարամյակի կեսերը, իսկ Ք.ա. 23-րդ դարից պատկերագիրը փոխարինվում է շումերական և հինաքքադական տիպի սեպագիրով,33: Աքքադականը դառնում է դոմինանտ և կիրառվում է մինչև 2-րդ հազարամյակի վերջը: Միջինէլամերեն տեքստերը հայտնվում են Ք.ա. 8-րդ դարում, սակայն, այս ժամանակ խիստ նվազում է էլամերենի արեալը34:

Ք.ա. 3-րդ հազարամյակում հայտնի են մի շարք քաղաք-պետություններ. Շուշեն, Անշան, Սիմաշ, Համազի, Մարխաշի: Իսկ հիմնական կենտրոնը Շոշն է: Ավելի ուշ այս պետական կազմավորումները միավորվում են35: Հնագիտական տվյալները ցույց են տալիս, որ Էլամի մշակույթը նման է Խարրապպայի36 մշակույթին, որը գտնվում է Հյուսիսային Հնդկաստանում37:

Պաշտամունքը մեծ տեղ է ունեցել էլամցիների կյանքում: Էլամական պանթեոնի գերագույն աստվածուհին Պինեկիրն էր, նա համարվում էր ածտվածների մայրը: Նշանավոր աստված էր Շոշի պահապան Ինշուշինական: Արևի և արդարության աստվածությունն էր Նախխունտեն: Էլամցիները ունեցել են նաև քրմեր, որոնք խորհուրդներ են տվել արքաներին պատերազմների ժամանակ38:

Էլամցիները մշակութային և առևտրական կապեր են ունեցել հատկապես շումերների հետ: Աչքի են ընկել իրենց առևտրով, արհեստներով և քաղաքատիպ բնակավայրերով: Ք.ա. 13-12-րդ դարերում աչքի է ընկնում մոնումենտալ ճարտարապետությունը, որի նշանավոր օրինակ է զիկկուրատը, որը պաշտամունքային կառույց է: Իդեպ զիկուրատներ առաջինը կառուցել են շումերները:

Ք.ա. 6-րդ դարում Էլամը հպատակվում է Մարաստանին ապա Աքեմենյան Պարսկաստանին: Այս ժամանակից սկսած էլ էլամցիները ձուլվում են պարսիկներին և այլ իրանական տարրերին:

Խաթթեր (նախախեթեր, հաթեր կամ խաթեր)

Խաթեր անվանումը մեզ հայտնի է որպես հնդեվրոպական խեթերի ինքնանվանում, որով գիտնականները կոչել են մինչ խեթերը նույն տարածքում ապրած ոչ հնդեվրոպացի բնակչությանը, իսկ խեթերին կոչել են հունարեն տարբերակով, որը հայտնի է նաև Աստվածաշնչից: Իրականում hatt-ը խաթերի ինքնանվանումն է որը անցել է խեթերին39:

Խաթթերը ապրել են Հայկական լեռնաշխարհի հյուսիս-արևմտյան և Փոքր Ասիայի հյուսիս-արևելյան մասում, ինչպես նաև թերակղզու կենտրոնական հատվածներում, Հալիս գետի աղեղում` մ.թ.ա. 3-րդ հազարամյակից մինչև 2-րդ հազարամյակի կեսերը: Այս տարածքը ուր եղել է համանուն քաղաքը կոչվել է «Խաթի»:

Խաթերը հնաբնակ են այս տարածքում և հիմա այլ տեսակետ չկա, որ նրանք գաղթել են ինչ, որ տեղից: Իսկ եթե գաղթել են ապա այնքան վաղուց, որ նրանց եկվոր չենք համարում: Ք.ա. 2-րդ հազարամյակի կեսերին նրանք հիմնականում ձուլվել էին խեթերին: Նրանց անհետացման վերջին ժամկետն է համարվում Ք.ա. 1500 թվականը, սակայն, որոշ խեթական աղբյուրներ հաղորդում են , որ խաթերի որոշ խմբեր գոյատևել են ավելի երկար40: